ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ռազմավարական իմաստով Թուրքիան միշտ եղել և մնում է Ռուսաստանի հիմնական հակառակորդը տարածաշրջանում»

«Ռազմավարական իմաստով Թուրքիան միշտ եղել և մնում է Ռուսաստանի հիմնական հակառակորդը տարածաշրջանում»
29.08.2008 | 00:00

«ՎՐԱՑԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏԻ ՎՐԱ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՆ ԷԼ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՆ»
Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների և այդ համատեքստում ընդհանուր տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է հայտնում ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։
-Պարոն Մուրադյան, ռուս-վրացական հակամարտության սրման հետ կապված՝ Հայաստանում, կարծես, երկու տեսակետ է ձևավորվում։ Առաջինը, որ Ցխինվալը գրավելու ռազմական գործողությունը Վրաստանի ղեկավարության նախաձեռնությունն էր, իսկ երկրորդը, որ հրահրված էր Վաշինգտոնից։ Ո՞րն է ավելի համապատասխանում իրականությանը։
-Վրացական վերջին իրադարձությունների սկզբնակետին մոտենալու համար պետք է վերադառնանք 2006-07 թթ. իրադարձություններին։ 2006-ի աշնանը ես առիթ ունեցա լինելու Անգլիայում։ Այն ժամանակ բրիտանական վերլուծական հանրության շրջանակներում հաստատված էր այն տեսակետը, թե աբխազական և օսական հակամարտությունները, այնուհանդերձ, Վրաստանի ներքին խնդիրն են և դժվար թե խոչընդոտ հանդիսանան ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր ստանալու հարցում։
Մեկ տարի անց, երբ կրկին Լոնդոնում էի, այս կապակցությամբ գնահատականները բոլորովին այլ էին։ Բրիտանական վերլուծաբանները, որոնց տեսակետն անմիջականորեն շաղկապված է նաև ԱՄՆ-ի մոտեցումների հետ, արդեն համոզված էին, որ 2008-ի ապրիլին Բուխարեստի գագաթաժողովում Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր չի ստանա։ Հիշեցնեմ, որ 2007-ի աշնանը Վրաստանի նախագահն այցելեց Բեռլին, Փարիզ և Լոնդոն, սակայն երեք մայրաքաղաքներում էլ նրան հասկացրին, որ անդամակցության հրավեր չի լինելու, քանզի աբխազական և օսական խնդիրները Ռուսաստանի դիրքորոշման պատճառով այլևս չեն դիտարկվում իբրև Վրաստանի ներքին հարց։ Չնայած եվրոպացիների նկատմամբ ամերիկացիների ճնշմանը, 2008 թ. ապրիլին՝ Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ, արդեն սկզբունքորեն պարզ էր, որ Վրաստանը դաշինքին անդամակցության հրավեր չի ստանա։
Եվս մի փաստ, որի վրա, իմ կարծիքով, վերջին ամսվա իրադարձությունների համատեքստում և դրանից էլ առաջ, ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղների կառուցման ժամանակահատվածում ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան անում էին ամեն ինչ՝ տարածաշրջանում ռազմական հակամարտության կրկնություն թույլ չտալու համար։ Բայց այժմ, նավթամուղների կառուցումից և գործարկումից հետո, այդ հանգամանքը կարծես Լոնդոնին և Վաշինգտոնին առանձնապես չի մտահոգում։
-Ըստ Ձեզ, ստացվում է՝ վրացիները գիտեին, որ Բուխարեստում մերժում են ստանալու։ Սակայն, այնուհանդերձ, պնդում էին ՆԱՏՕ-ի մաս կազմելու իրենց պատրաստակամությունը։ Ինչո՞ւ։
-Վրաստանը տվյալ պարագայում խաղում էր ապագայի համար, քանզի ամերիկացիները խոստացել և խոստանում են, որ այդ խնդիրը, միևնույն է, կլուծվի։ Ի դեպ, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կազմ ինտեգրացիան դարձել է ոչ այնքան ռուսական, որքան եվրոպական պրոբլեմ։ Այս ամսվա ընթացքում ամբողջ տեղի ունեցածը պետք է դիտարկել ԱՄՆ-ի եվրոպական քաղաքականության համատեքստում։ Իշխանությունից հեռացող Բուշի վարչակազմը որոշել է հեռանալուց առաջ դուռն այնպես խփել, որ այդ հարվածը բավական խոր տարաձայնություններ առաջացնի Եվրամիություն-Ռուսաստան հարաբերություններում և հատկապես բուն Եվրոպայի ներսում։
-Եվ ո՞րն է դրա նպատակը։
-Եվրամիությունն այսօր իր ինքնուրույն արտաքին քաղաքականության մշակման փուլում է։ Իսկ դա ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային բացարձակապես ձեռնտու չէ։ Այն հարցում, թե որքանով է Եվրամիության արտաքին քաղաքականությունը ձևավորված, լակմուսի թղթի դեր կատարում է Ռուսաստանը։ Մինչ այսօր Եվրամիության արտաքին քաղաքականությունը, որպես այդպիսին, գոյություն ուներ առաջատար եվրոպական երկրների, հատկապես Ֆրանսիայի և Գերմանիայի սեփական արտաքին քաղաքականության դրսևորմամբ։ Չնայած նրան, որ Եվրամիության սահմանադրությունը չընդունվեց, չհիմնվեցին Եվրամիության նախագահի և արտգործնախարարի պաշտոններ, այնուհանդերձ, եվրոպական երկրներին այս փուլում կարծես հաջողվում է միասնական քաղաքականություն ձևավորել։ Թեպետ Սարկոզիի քաղաքականությունն ԱՄՆ-ի նկատմամբ կարելի է համարել կոմպլեմենտար, բայց դրանով, միևնույն է, մի կողմ չի դրվում Եվրամիության անկախ արտաքին քաղաքականության ձևավորման խնդիրը։ Եվ չնայած Վաշինգտոն ու Լոնդոն կատարած իր բավական երկարատև այցերին, Սարկոզին, ինչպես Ֆրանսիայի ցանկացած նախագահ, ձգտում է մի քիչ դը Գոլ լինել։
-Այդ պատճառո՞վ նա հանդես եկավ Վրաստան-Ռուսաստան բախումը սառեցնելու միջնորդական առաքելությամբ։
-Այո՛։ Բայց ամերիկացիներն իրենց հերթին հասկացել են, որ եվրոպական երկրների միջև տարաձայնություններ առաջացնելու և դրանք խորացնելու համար, օրինակ, Բալկանները, սպառել են այդ պոտենցիալը։ Իսկ կովկասյան տարածաշրջանը շատ հարմար է այդ ճեղքվածքը ստեղծելու համար, և այս ողջ գործընթացն օգտագործեցին եվրոպական երկրների միջև տարաձայնություններ ստեղծելու նպատակով։
Իրավիճակի սրմանն իր հերթին նպաստեց նաև Ռուսաստանը։ Կոսովոյից հետո Մոսկվան արդեն որոշում էր ընդունել, որ ներվրացական հակամարտությունների հետ կապված՝ իրենք այսուհետև գնալու են այլ ճանապարհով և աշխատելու են Աբխազիան և Հարավային Օսիան բոլոր առումներով վերջնականապես ինտեգրել Ռուսաստանի հետ։ Վրաստանում դա հասկացել էին, գիտակցել, որ դա վերջն է, և եթե ուժային լուծման հասնել հնարավոր չլինի, այդ տարածքներն անվերադարձ կորցնելու են։ Այդ պատճառով էլ Վրաստանը դիմեց պատերազմական գործողությունների վերսկսման։ Դե, իսկ մնացածը՝ բլիցկրիգի իրականացում, 2-4 օրում Հարավային Օսիայի տարածքի վրա ռազմավարական վերահսկողության հաստատում և այլն, արդեն ռազմական խորամանկությունների շարքից է։
-Սակայն Դուք ինքներդ ղարաբաղյան շարժման, ղարաբաղյան պատերազմի փորձից ելնելով` գիտեք, որ ռազմական գործողություններ նախաձեռնելիս հաշվարկվում են զարգացման բոլոր հնարավոր տարբերակները։ Մինչդեռ հինգ տարի շարունակ ամերիկյան չափանիշներով նախապատրաստություն անցած վրացական բանակը հինգ օրում կազմալուծվեց։ Դա ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ։
-Ինչպես Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասը, ես էլ այդ ժամանակ հանգստանում էի Աջարիայում, որտեղից հնարավոր էր հետևել բոլոր այդ զարգացումներին։ Վրաստանի ռազմական անհաջողության մեջ որոշակի նշանակություն են ունեցել վրաց ժողովրդի ազգային խառնվածքի մի շարք առանձնահատկությունները։ Առաջին հերթին արձանագրենք, որ վրացական բանակի համար բավարար հիմնավորումներ չկային Աբխազիան կամ Հարավային Օսիան ամեն գնով գրավելու համար։ Որքան էլ տարօրինակ է, այդ հարցերը Վրաստանում բնակչության բացարձակ մեծամասնության համար այլևս առաջնահերթ չէին։ Այդ տարածքները վաղուց արդեն չեն վերահսկվում Թբիլիսիի կողմից։ Միաժամանակ հայտնի է, որ բարեկեցիկ ապրելու շանս ունեցող հասարակությունը, որպես կանոն, շատ վատ է պատերազմում։ Փաստ է, որ անցած հինգ տարիներին Վրաստանում մարդկանց կենցաղի որոշակի բարելավում արձանագրվել է։
-Հասկանալի է՝ կար որոշակի պայքար կոռուպցիայի դեմ, Արևմուտքից ներդրումներ են արվել, բյուջեն 5 մլրդ-ից ավելի է։ Բայց մի՞թե դա պատճառ է չկռվելու համար։
-Այո՛, որովհետև հասարակությունը երկար տարիների տնտեսական քայքայումից հետո վերջապես լույս է տեսնում թունելի վերջում։ Մարդիկ չեն ցանկանում կռվել մի տարածքի համար, որն առանց այդ էլ վաղուց դուրս է վրացական վերահսկողությունից։ Կար երկրորդ կարևոր հանգամանքը՝ ռազմական օպերացիայի տապալման դեպքում վրաց ժողովրդին, քաղաքացիական բնակչությանն ազգային աղետ չէր սպառնում։ Ինչպես երկրի ղեկավարությունը, այնպես էլ ժողովուրդը, անգամ Ռուսաստանի միջամտությունից հետո, գիտեին, որ նույնիսկ առաջ շարժվելու դեպքում ռուսական բանակը քաղաքացիական բնակչությանը չի վնասելու։ Եթե հակառակ մտավախությունը լիներ, վրացական զորքերը, 15 ժամ Ցխինվալի համար համառ պայքար մղելով, այդքան հեշտությամբ չէին հեռանա։
-ՈՒզում եք ասել, որ եղել է ոչ թե փախուստ, այլ կազմակերպված նահա՞նջ։
-Այո՛, ես պնդում եմ, որ դա չի եղել զանգվածային փոքրոգության դրսևորում։ Վրացական հրամանատարությունը լուրջ դիմադրություն ցույց տալու հրաման չի տվել բանակին։ Որովհետև ամեն ինչից բացի՝ նրանք շատ լավ գիտեին ռուսական 58-րդ բանակի հնարավորությունները և հաշվի էին առել, որ իրենց կողմից ուժեղ դիմադրության դեպքում վրացական զինված ուժերը շատ մեծ կորուստներ կկրեն, իսկ դա արդեն իսկապես կլիներ ազգային աղետ։ Եվ վերջին հանգամանքը, որ, կարծում եմ, նույնպես նշանակություն է ունեցել վրացական բանակի՝ ռազմաճակատը լքելու գործում։ Դրանով Վրաստանը փորձում էր ավելի անպաշտպան երևալ և առիթ ստեղծել ՆԱՏՕ-ի ռազմական միջամտության համար։
Ճիշտ է, այդ հարցում նրանց հույսերը չարդարացան։ Ինչպես նաև այն առումով, որ ռուսները չեն համարձակվի շատ հեռու գնալ։ Կարծում եմ՝ վրացական կողմը չէր նախատեսել ռուսների կողմից Սենակիի և Գորիի ռազմական բազաների ոչնչացման հնարավորությունը, և որ այնտեղ կուտակված հսկայական զենքն ու զինամթերքը կանցնեն ռուսների ձեռքը։ Դա, թերևս, ամենամեծ կորուստն է, որ ունեցել են վրացական զինված ուժերը։
-Այսինքն՝ ռուսները նախօրոք ծրագիր ունեի՞ն, որ հասնելու են Գորի։
-Չգիտեմ։ Թեպետ կարող եմ հաստատ ասել, որ առնվազն երեք տարի է, ինչ ռուսական 58-րդ բանակին տրամադրված է հատուկ ծրար։ Այսինքն, երկար ժամանակ է, որ կա փաստաթուղթ, ուր ամենայն մանրամասնությամբ ամրագրված է, թե իրադարձությունների ինչպիսի զարգացման դեպքում ինչ պետք է անել։ Ավելին, ռուսական գլխավոր շտաբը մինչև Հարավային Օսիայում ռազմական գործողություններն էլ չի թաքցրել, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Սևծովյան նավատորմի կիրառումը միանգամայն հավանական է։ Նման բաները թաքցնել հնարավոր չէ, որովհետև համապատասխան զորավարժություններ են անցկացվում, կատարվում է զորքերի տեղաշարժ, նոր հենակետեր են ստեղծվում, բանակը նոր տեխնիկա, այդ թվում՝ ավիացիա է ստանում։ Անցած տարիներին Ռուսաստանի զորքերի հարավային խմբավորման կազմում ստեղծվել են հատուկ նշանակության լեռնահրաձգային բրիգադներ՝ լեռնային պայմաններում մարտ վարելու համար, ինչպես նաև մարտական ուղղաթիռների առանձին էսկադրիլիաներ։ Արևմուտքում ոչ մեկի համար գաղտնիք չէր, թե ինչ գործողություններ կարող է ձեռնարկել Ռուսաստանը։
-Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը, իմանալով դա, թույլ տվեց վրացիներին մտնել պատերազմի մեջ, պարտություն կրել և հանրագումարում համակերպվել այն իրողությանը, որ իրենք ՆԱՏՕ-ի մեջ կարող են մտնել միայն առանց Հարավային Օսիայի և Աբխազիայի։
-ԱՄՆ-ը բազմիցս հասկացրել է Վրաստանի իշխանություններին, որ ներկա քաղաքական իրավիճակում այդ խնդիրների լուծումն ի նպաստ Վրաստանի հնարավոր չէ։ Ստացվեց այնպես, որ այսօր այլևս համոզելու կարիք չկա, որովհետև վրացիներն էլ հասկացան՝ իրենք դա իրագործել չեն կարող, ուղղակի ռազմական ուժով օգնություն ոչ ոք ցույց չի տալու։ Մանավանդ որ ԱՄՆ-ին Վրաստանի տարածքային ամբողջականությունն առանձնապես չի մտահոգում։ Նրանց պետք է 20-25 տարի իրենց ազդեցության տակ պահել տարածաշրջանը, քանի դեռ նավթն ու գազը հայտնի խողովակաշարերով հոսում են դեպի Արևմուտք։ Երբ կասպյան տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսները վերջանան, ԱՄՆ-ի քաղաքականությունն էլ կփոխվի, և առհասարակ դժվար է ասել, թե տարածաշրջանն ում ազդեցության տակ կանցնի։
Ամերիկացիների ուշադրությունը հիմա բևեռված է սևծովյան ավազանին։ Նահանգները ձգտում են սևծովյան պետություններին իրենց դաշնակիցները դարձնելու ճանապարհով վերահսկողություն հաստատել կոմունիկացիաների վրա և միաժամանակ կտրել Թուրքիան Եվրոպայից, Եվրոպան՝ Ռուսաստանից, Ռուսաստանը՝ մյուս երկուսից։ Դրա համար էլ Բուլղարիան և Ռումինիան այդքան արագ ինտեգրվեցին ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, որից հետո այնտեղ տեղակայվեցին ամերիկյան ռազմակայաններ։ ՈՒկրաինայի և հատկապես Ղրիմի շուրջ առաջացած այս ամբողջ քաշքշուկն այդ նպատակն է հետապնդում։ Թուրքիան այլևս հուսալի գործընկեր չէ ԱՄՆ-ի համար, Անկարան հիմա շրջվել է դեպի Մոսկվա։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի ռազմական էսկադրան Սև ծով թողնելու համար թուրքերը մի լավ առևտուր արեցին և, կարծում եմ, քիչ բան չստացան։ Նույնը պատրաստվում են անել Ռուսաստանի հետ։
-Արևմուտքը շարունակ շեշտադրում է Վրաստանում ստատուս-քվոյի վերականգնման անհրաժեշտությունը։ Մինչդեռ Ռուսաստանը, Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելով, այլևս բացառեց այդ հնարավորությունը։
-Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը, ինչպես նշեցի, Կրեմլի կողմից Կոսովոյից հետո որդեգրված քաղաքականության բնականոն ավարտն է, ոչ ավելի։ Բայց դա ոչինչ չի նշանակում, քանզի այդ տարածքներն առանց այդ էլ գրեթե դուրս էին Վրաստանի վերահսկողությունից։ Այդքանով հանդերձ ամերիկացիները, միևնույն է, հասան ստատուս-քվոյի վերականգնման։ Որովհետև Վրաստանում քաղաքական ռեժիմը պահպանվեց, և այն, միևնույն է, կողմնորոշված է լինելու դեպի ԱՄՆ։ Ռազմական գործողությունների ընթացքում ռուսները շարքից չհանեցին նավթամուղներն ու գազամուղը, թեպետ դրա հնարավորությունն ունեին։ Այսինքն՝ էներգետիկ խողովակաշարերը շարունակելու են գործել։ Վրաստանի՝ դեպի ՆԱՏՕ ինտեգրումը շարունակվելու է ավելի ընդգծված ձևերով։ Բոլոր այս հանգամանքները հենց ստատուս-քվոյի վերականգնում են նշանակում, գումարած այն, որ Վրաստանը պահպանեց զինված ուժերի կորիզը։
-Ինչպե՞ս։
-Հենց այդպես։ Վրացական բանակի կորուստները եղել են շատ փոքրաթիվ, հիմնական կառույցները պահպանված են, վերջին տարիներին տրամադրված զենքի մեծ մասը մնաց իրենց տրամադրության տակ։ Այսինքն՝ այդ բանակն ունակ է նվազագույնը պաշտպանելու Սաակաշվիլու ռեժիմն իշխանության վրա, ինչպես նաև ապահովելու Վրաստանով անցնող էներգետիկ խողովակաշարերի անվտանգությունը։ Իսկ ավելին ԱՄՆ-ին պետք չէ։
-Վրաստանը դեկտեմբերին ՆԱՏՕ մտնելու պաշտոնական հրավեր կստանա՞։
-Այս տարի՝ ո՛չ։ Նման հաստատագրումներն ընդամենը մանրախնդիր խոսակցություններ են, ուրիշ ոչինչ։
-Եվրոպացինե՞րը դեմ կլինեն։
-Նրանք բավական լուրջ քաղաքական կապիտալ աշխատեցին այս իրադարձություններից և դա հետագայում կօգտագործեն Ռուսաստանին ճնշելու, շատ հարցերում նրան զիջող դարձնելու համար։ Այդ թվում՝ շուկաների, էներգակիրների հետ կապված խնդիրներում։ Բայց ամերիկացիները հասան այն բանին, որ վրացական իրադարձությունների շնորհիվ էական տարաձայնություններ ու բաժանում առաջացրին Եվրոպայում։ Առհասարակ, վրացական խաղաքարտի վրա բոլոր կողմերն էլ առևտուր անելու հնարավորություն ստացան։
-Ըստ Ձեզ, ստացվում է, որ ԱՄՆ-ն ամենից ավելի շահեց այս ողջ գործընթացից, չնայած առաջին տպավորությունն այն էր, որ միանշանակ շահողը Ռուսաստանն է։
-Ամերիկացիները միայն մեկ էական պրոբլեմ ունեն այս գործընթացում։ Վրաստանը նրանց ռազմավարական գործընկերն է, և այսօր Մոսկվայի կողմից Թբիլիսիի հասցեին հնչում է էթնիկական զտում և նույնիսկ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանք։ Այս իրադարձություններից շատ առաջ ամերիկյան վերլուծաբան Բրյուս Ջեքսոնին առիթ ունեցա հարցնելու, թե ԱՄՆ-ին չե՞ն մտահոգում Վրաստանի հնարավոր գործողությունները հենց էթնիկական զտում իրականացնելու առումով։ Նա կես կատակ պատասխանեց, որ ոգելից խմիչքների նկատմամբ սերը կեսօրից հետո թույլ չի տա վրացիներին՝ նման բան անել։ Սա նշանակում է, որ Վաշինգտոնում էլ չէին պատկերացնում, թե վրացական բանակը նման գործողություն կկիրառի Հարավային Օսիայի քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Եվ դրա համար էլ հիմա ամեն գնով անում են ամեն ինչ, որ հանկարծ ԱՄՆ-ը չդիտարկվի այդ գործողության հովանավորի դերում։ ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին իսկ զրույցում Ռուսաստանի արտգործնախարարի հետ խոսվել է հենց այն մասին, որ Մոսկվան հանդես չգա այդպիսի որակումներով։ Սա մեզ համար չափազանց կարևոր է, որովհետև հիմա ամերիկացիները կմտածեն, թե ամեն այդպիսի ավանտյուրա այս տարածաշրջանում ինչ հետևանքների կարող է հանգեցնել, և ով է դրա համար պատասխանատու դիտվելու։ Իսկ եթե ռուսները հետագայում հրաժարվեն էթնիկական զտումների կամ ցեղասպանության թեզը հնչեցնելուց, դա կնշանակի, որ ամերիկացիների հետ ինչ-որ հարցի շուրջ ձեռնտու համաձայնության են եկել։
-Եվ գուցե այդ համաձայնությունը լինի Սաակաշվիլու՝ իշխանությունից հեռանա՞լը։
-Ճիշտն ասած, այնքան էլ չեմ հավատում դրան։ Այսօր Վրաստանում ֆունկցիոնալ ընդդիմություն չկա։ Այսինքն՝ չկա այլընտրանքային թիմ, որ կարողանա փոխարինել ներկա վարչակազմին։ Սաակաշվիլու հեռանալու մասին կխոսվի, բայց Վաշինգտոնը դրան համաձայնություն կտա միայն այն դեպքում, եթե գտնի արժանի փոխանորդ։ Եթե հիմա լինի այդ համաձայնությունը, դա կնշանակի ընդունել ռուսական քաղաքականության արդյունավետությունը և իրենց պարտությունը։ Իսկ ամերիկացիները դրան երբեք չեն գնա։
-Մեր զրույցի միջնամասում նշեցիք, որ ռուս-թուրքական հարաբերություններում ջերմացում կա։ Դա իսկապես ակնհայտ է, սակայն ինչո՞վ է պայմանավորված այդ ֆլիրտը։
-Իսկապես որ՝ ֆլիրտ, դա հարմար բառ է այդ հարաբերությունները բնորոշելու համար։ Որովհետև մեղրամիս չի ստացվել և չի էլ ստացվելու։ Ռազմավարական իմաստով Թուրքիան միշտ եղել և մնում է Ռուսաստանի հիմնական հակառակորդը տարածաշրջանում։ Պարզապես Թուրքիայի քաղաքականության մեջ կան բաներ, որոնք կապված չեն գործող կառավարության հետ։ Անվտանգության խորհուրդն այնտեղ բավականին ինքնուրույն կառույց է, որը գլխավորում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Այն ավանդաբար հանդես է գալիս իր նախաձեռնություններով։ Վերջին տարիներին Թուրքիան շատ մեծ ջանքեր է ներդրել Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, ՈՒկրաինայում, բուն Ռուսաստանում իր համար դիրքեր ապահովելու ուղղությամբ և մտադիր չէ այդ ձեռքբերումներից հրաժարվել։
Սակայն փոխվել է ամերիկյան քաղաքականությունն Անկարայի նկատմամբ։ Վաշինգտոնն ամեն կերպ փորձում է հեռու պահել Թուրքիային Կենտրոնական Ասիայից, ՈՒկրաինայից և նույնիսկ Ադրբեջանից։ Ամերիկացիները տապալեցին թուրք-հունական հարաբերությունների բարելավման գործընթացը, թեպետ ժամանակին հենց իրենք էին աննախադեպ ջանքեր գործադրել դրա համար։ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նրանք տորպեդահարեցին նաև Կիպրոսի հարցի կարգավորումը։ Վաշինգտոնում հասկանում են, որ ներկա Թուրքիան 1980-ականների Թուրքիան չէ։ Անկարան ձգտում է դուրս գալ սատելիտի կարգավիճակից, և այդ խնդրի լուծման համար Անկարային դաշնակիցներ են պետք։ Այդպիսի դաշնակից կարող է դառնալ միայն Մոսկվան։
-Հակասական բան է ստացվում։
-Իսկապես այդպես է, որովհետև Թուրքիան և Ռուսաստանը ռազմավարական իմաստով հակառակորդներ են, բայց տակտիկական առումով կարող են ունենալ փոխադարձ շահեր։ Ռուսաստանն այս փուլում աշխատում է Թուրքիային հանել ԱՄՆ-ի ազդեցությունից, իսկ Թուրքիան էլ փորձում է Մոսկվայի օժանդակությամբ լուծել իր խնդիրները։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունն ինչ լսում է Մոսկվայից, այն էլ անում է։ Հայաստանն այսօր չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Հակառակ դեպքում` Մոսկվայից եկած մեկ-երկու ազդանշանով Գյուլը Հայաստանում ֆուտբոլի խաղին այցելելու հրավեր չէր ստանա, և խոսակցություններ չէին սկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ առանց անգամ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը։ Մինչդեռ Ռուսաստանն այսօր պատրաստ է Թուրքիային փրկել շատ տհաճ հեռանկարից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից լայն իմաստով։
-Բայց Ռուսաստանը 1995-ին ինքն է ճանաչել ցեղասպանությունը Պետդումայի որոշումով։
-Դեռ մեկ-երկու տարի առաջ, երբ Ժիրինովսկին հայտարարեց, թե Հայոց ցեղասպանության փաստը Ռուսաստանում պետք է ստանա օրենքի կարգավիճակ, Անկարայում Ռուսաստանի դեսպանն իր հերթին հանգստացրել էր թուրքերին՝ ասելով, որ ճանաչման որոշումը քաղաքական պահի անհրաժեշտությամբ պայմանավորված քայլ էր։ Թուրքիայի վիճակն իսկապես շատ բարդ է, որովհետև ԱՄՆ-ում ճանաչման կողմնակիցների թիվը գնալով աճում է։ Մեծ է հավանականությունը, որ դա տեղի կունենա հաջորդ վարչակազմի օրոք, մանավանդ եթե լինեն դեմոկրատները։ ԱՄՆ-ի կողմից ճանաչումը կբերի ճանաչում բազմաթիվ այլ պետություններում։ Անկարայում այս հանգամանքը շատ լավ հասկացել են և գիտակցել, որ այդ հարցում իրենց կարող է օգնել միայն Մոսկվան՝ հայ-թուրքական երկխոսություն սկսելու վերաբերյալ Երևանին ազդանշան տալով։ Պատահական չէ, որ խոսակցություններ են սկսվել հայ-թուրքական երկաթգծի բացման մասին, թեպետ այդ երկաթգիծը կարելի է բացել ու վեց ամիս հետո նորից փակել։ Ֆուտբոլի խաղին էլ նախագահների համատեղ ներկայությունը լինելու է ընդամենն էպիզոդ։ Այդ ամենը Ռուսաստանի համար նշանակություն ունի վեց ամսվա կտրվածքով, բայց մեզ կարող է պատմական հեռանկարի կորուստ արժենալ։ Որովհետև ԱՄՆ-ում ու Եվրոպայում մեզ ուղղակի չեն հասկանա։
-Հիմա խոսք կա նաև Ռուսաստան-Իրան-Թուրքիա հնարավոր ալյանսի ձևավորման մասին։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
-Չի կարող լինել այդպիսի ալյանս։ Որովհետև ի տարբերություն մեզ, իրանցիները սեփական պատկերացումներն ունեն իրենց ապագայի վերաբերյալ և բացարձակապես մտադիր չեն իրենց շահերից չբխող այդ խաղին մասնակցել։ Դա չի նշանակում, թե մենք էլ առհասարակ չենք կարող խոսել Թուրքիայի հետ։ Պարզապես այդ խոսակցությունը պիտի ընթանա լուրջ քաղաքական փաստաթղթի շուրջ, պետական մակարդակով, ոչ թե ֆուտբոլի դաշտում։ Հայաստանի իշխանությունները երկրի այսօրվա իրավիճակում չեն կարող լուրջ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ և այդ ուղղությամբ հասնել ձեռքբերումների ու ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Հնարավոր չէ դա անել փողոցային մակարդակով վերահսկվող ԶԼՄ-ներով, գրպանային կուսակցություններով, հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բացարձակ բացակայությամբ։ Մենք պետք է հասկանանք, որ ֆուտբոլի խաղի ռիթմով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեզ համար խիստ վտանգավոր խաղ է։
-Ըստ Ձեզ, Աբդուլլահ Գյուլը, այնուամենայնիվ, կգա՞ Հայաստան։
-Միանգամայն հնարավոր է, որովհետև նրանք շատ անհանգիստ են ԱՄՆ-ում ցեղասպանության հարցի շուրջ ընթացող զարգացումներից։ Բայց մենք էլ հայ-թուրքական «երկխոսության» ծավալման փորձերից անհանգստանալու կարիք ունենք։ Դրանից Հայաստանը ոչինչ չի շահելու, բայց շատ բան կարող է կորցնել։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4996

Մեկնաբանություններ